Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի միջոցառումներ Սանկտ Պետերբուրգում

24 ապրիլի, 2019

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Սանկտ-Պետերբուրգում ապրիլի 24-ի առավոտյան Սանկտ-Պետերբուրգի Վասիլեօստրովսկի շրջանի «Կամսկի» այգում գտնվող Կոմիտաս Վարդապետի հուշարձանին ծաղկեպսակներ և ծաղիկներ խոնարհվեցին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության, Սանկտ-Պետերբուրգի կառավարության, Սանկտ-Պետերբուրգում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչության, Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, տեղի զինվորական ակադեմիաներում ուսանող հայ սպաների և զինվորների և հայ համայնքի կողմից:

Կեսօրին ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի մասնակցությամբ Կրոնի պատմության թանգարանում տեղի ունեցավ տեղի հայ համայնքի կողմից նվիրաբերած խաչքարի բացման արարողությունը, որը մշտական ցուցադրման կներկայացվի Կրոնի թանգարանում: Միջոցառմանը մասնակցում էին նաև Սանկտ-Պետերբուրգի կառավարության Ազգամիջյան հարաբերությունների և միգրացիոն քաղաքականության իրականացման կոմիտեի ղեկավարի տեղակալ Վադիմ Օկրուշկոն, Սանկտ-Պետերբուրգի և Հյուսիս արևմտյան տարածաշրջանի հոգևոր հովիվ Պողոս աբեղա Վարդանյանը, Սանկտ-Պետերբուրգում հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը և այլոք:
Այնուհետև Սբ. Կատարինե Հայ առաքելական եկեղեցում մատուցվեց պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին:

Սբ. Կատարինե եկեղեցու բակում տեղի ունեցած հանրահավաքին ելույթներով հանդես եկան Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, տեղի հույների, ասորիների և այլ համայնքների ներկայացուցիչներ, հասարակական և մշակույթի գործիչներ: Հանրահավաքից հետո հայ համայնքի «Վերնատուն» մշակութային կենտրոնում բացվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես որին ներկայացված էին Սանկտ-Պետերբուրգի հայ նկարիչների աշխատանքներ:

Տպել էջը