Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ձեռնարկներ Ուկրաինայում

24 ապրիլի, 2019

Ապրիլի 24-ին Կիևում Ուկրաինայի և Կիևի հայերի միությունները ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպեցին Հայոց ցեղասպանության 104-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարք, որին մասնակցեցին նաև դեսպան Տիգրան Սեյրանյանը և դեսպանության աշխատակիցները։

Հուշ ձեռնարկները սկսվեցին Կիևի հայկական խաչքարի մոտ, որտեղ ծաղկեպասկներ ու ծաղիկներ խոնարհելու նպատակով հավաքվել էին հարյուրավոր ուկրաինահայեր, Ուկրաինայի պետական կառույցների, քրիստոնեական տարբեր հարանվանությունների սպասավորներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, օտարերկրյա դիվանագետներ, մայրաքաղաքի հյուրեր և տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Արարողությունը սկսվեց միջեկեղեցական բարեխոսական աղոթքով, որը գլխավորեց Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Դրան հետևած՝ Սրբազան Հոր ելույթից հետո արևմտահայերենով բազմությանը դիմեց Սուրբ Աթոռի նվիրակ, Նորին Գերազանցություն Կլաուդիո Գուջերոտտին և արարողությանը ներկա ուկրաինացի հոգևորականները։ Հաջորդիվ ելույթ ունեցավ Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը՝ կարևորելով օրվա խորհուրդը և շնորհակալություն հայտնելով ձեռնարկի մասնակիցներին։ Անդրադառնալով ցեղասպանության հասցրած վնասներին, նա նշեց, որ մեր ժողովուրդը կարողացավ ոչ միայն վերապրել այդ արյունալի սպանդը, այլև վերստին շենացնել հարազատ հողը, կառուցել օջախներ, տոնել հաղթանակներ, ինչի վառ ապացույցներն են հայ ժողովրդի կերտած ազատ ու անկախ երկու հայկական հանրապետությունները։

Ելույթների շարքը եզրափակեցին Ուկրաինայի մշակույթի նախարարության Կրոնական հարցերի և ազգային փոքրամասնությունների վարչության տնօրեն, պրոֆեսոր Անդրիյ Յուրաշը և Կիևի հայ համայնքի նախագահ Նորիկ Գևորգյանը։

Այնուհետև ուկրաինահայերը մայրաքաղաքի կենտրոնում երթով շարժվեցին մինչև Օլիմպիական մարզադաշտ։

Երեկոյան Տարաս Չևչենկոյի անվան կենտրոնական այգում Կիևի հայ երիտասարդների միության կողմից ֆլեշմոբ կազմակերպվեց։ Այգում, որը Կիևի Ազգային համալսարանի դիմաց է, ամբողջ օրը տեղադրված էին Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվական պաստառներ։

Տպել էջը