Չեխիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ

24 ապրիլի, 2019

Ապրիլի 24-ին Չեխիայում անցկացվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ ծաղկեպսակների զետեղման արարողություն Պրահայի հայկական խաչքարի մոտ, Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման հոգեհանգստյան կարգ ու Կոմիտասի ստեղծագործությունների կատարմամբ լարային քառյակի համերգ Պրահայի Սուրբ Հոգու եկեղեցում, մոմերով երթ Սուրբ Հոգու եկեղեցուց դեպի խաչքար:

Միջոցառումներին մասնակցեցին Չեխիայիում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը և դեսպանության անձնակազմը, Չեխիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, սենատորներ և պատգամավորներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, մի շարք երկրների դեսպաններ և դիվանագետներ, բազմաթիվ հայրենակիցներ։

Ելույթներով հանդես եկան դեսպան Աշոտ Հովակիմյանը, Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխը (Milan Štěch), խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյտյեխ Պիկալը (Vojtěch Pikal), Պրահայի արքեպիսկոպոս, կարդինալ Դոմինիկ Դուկան (Dominik Duka) և Չեխիայի խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ և հայ-չեխական միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդան (Marek Benda)։

ՀՀ դեսպանն իր ելույթում մեկ անգամ ևս երախտագիտություն հայտնեց չեխական կողմին 2017թ․ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման համար, հանգամանորեն ներկայացնելով ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային ատյաններում ՀՀ կողմից տարվող աշխատանքը, անդրադարձ կատարեց նաև Հայոց ցեղասպանության արդյունքում աշխարհասփյուռ հայ համայնքների գոյության և հայկական ինքնության պահպանման հարցերին։

Դեսպան Աշոտ Հովակիմյանը նաև ծաղիկներ զետեղեց Ֆրանց Վերֆելի հուշատախտակին և Վուդրո Վիլսոնի հուշարձանին։

Ապրիլի 22-ին դեսպան Աշոտ Հովակիմյանը և Բարսեղ վարդապետ Փիլավչյանը այցելել էին Յիհլավա քաղաք, որտեղ Վիսոչինա երկրամասի հայության հետ հարգանքի տուրք էին մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղկեպսակներ զետեղելով քաղաքում տեղադրված հայկական խաչքարին։ Տեղի էր ունեցել նաև դեսպանի հանդիպումը Յիհլավայում և շրջակա բնակավայրերում ապրող հայրենակիցների հետ։

Տպել էջը