Ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ստրասբուրգում

24 ապրիլի, 2019

Ապրիլի 24-ին Ստրասբուրգի Հանրապետության հրապարակի «Մեր զոհերը» հուշարձանի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում։

Ելույթներով հանդես եկան Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը և հայ համայնքի առաջնորդները: Ելույթներով հայ ժողովրդի հետ իրենց համերաշխությունը հայտնեցին Ստրասբուրգի քաղաքային խորհրդի, հրեական, ռուանդայական, քրդական համայնքների և Ալզասի բողոքական եկեղեցու ներկայացուցիչները։

Դեսպան Հովհաննիսյանն իր խոսքում կարևորեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում գրանցված վերջին զարգացումները, մասնավորապես՝ շեշտեց ապրիլի 10-ին Եվրոպայի խորհուրդը հյուրընկալող երկրի՝ Ֆրանսիայի նախագահի և վարչապետի կողմից ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ոգեկոչման ազգային օր հռչակող հրամանագրի ստորագրումը։ Նա ցավով արձանագրեց, որ այսօր էլ մարդկությունը չի ձերբազատվել ցեղասպանության բախվելու վտանգից և կարևորեց կանխարգելմանն ուղղված ջանքերի համախմբումը։

Միջոցառման ավարտին կայացավ ծաղկեպսակների զետեղման արարողություն։ Ներկա էին Ստրասբուրգի քաղաքային իշխանության, Եվրոպայի խորհրդի, Ստրասբուրգում գործող տարբեր եկեղեցիների, հասարակական կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Տպել էջը