Դեսպան Կարեն Նազարյանի ելույթը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառմանը

24 ապրիլի, 2019

Ապրիլի 24-ին Հռոմի Ս․ Նիկողայոս եկեղեցում մատուցվեց պատարագ նվիրված Հայոց ցեղասպանության սուրբ նկատակների հիշատակին։ Այդ օրվա ոգեկոչման առիթով ունեցած իր ելույթում Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը կարևորեց Ն․Ս․ Ֆրանցիսկոս Պապի սկզբունքային ու միանաշանակ դիրքորոշումը, որի արդյունքում էլ իրար են հաջորդում տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության վերջին շրջանի պաշտոնական ճանաչումների որոշումները։

Կարեն Նազարյանն իր խոսքում առանձնացրեց ապրիլի 24-ը նաև որպես հպարտության օր, քանի որ, 1915 թվականի արհավիրքի միջով անցնելով, հայ ժողովուրդը մարդկությանը պարգևել է Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Վիկտոր Համբարձումյան, Վիլիամ Սարոյան, Ալեք Մանուկյան, Շառլ Ազնավուր, Հրանտ Դինք համաշխարհային գիտության, մշակույթի, արվեստի ու բիզնեսի բնագավառների այլ հսկաններ, ովքեր փոխել են աշխարհը, վերափոխել են նաև մեր երկիրը։ Նա հավելեց, որ առանձնակի հպարտություն է, երբ ներկայացնում ես հարուստ քաղաքակրթություն ու առաջին քրիտոնյա երկիր, իսկ այսօր նաև՝ զարգացող ու իրական ժողովրդավարություն, որն ունակ է թե իրեն պաշտպանելու, և թե յուրաքանչյուր հայի՝ հայրենիքում կամ դրա սահմաններից դուրս։

Դեսպան Նազարյանն օրվա առիթն օգտագործելով ներկաներին տեղեկացրեց միջազգային կառույցներում կանխարգելման օրակարգի ուղղությամբ Հայաստանի նախաձեռնողական դիվանագիտության ջանքերի, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից Երևանում հյուրընկալվող Ցեղասպանության կանխարգելման գլոբալ ֆորումի մասին, որն արդեն վերածվել է մարդածին այդ ծանրագույն չարիքի կանխարգելման հիմնախնդիրները վերհանելու ու դրանց լուծման ուղիները մշակելու հեղինակավոր մասնագիտական հարթակի։

Պատարագից հետո, ի հիշատակ Եղեռնի անմեղ զոհերի, Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի բակում խաչքարի մոտ Գերպ. Հ. Նարեկ ծ․վ. Նամոյանի կողմից մատուցվեց նաև հիշատակման արարողություն։

Տպել էջը