Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Օտտավայում

24 ապրիլի, 2019

Կանադայում ՀՀ դեսպանության և Կանադայում հայկական կազմակերպությունների նախաձեռնությամբ ապրիլի 23-ին և 24-ին Օտտավայում տեղի ունեցան միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին:

Մեկնարկը տրվեց ապրիլի 23-ին երեկոյան, երբ հայ համայնքի և հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները ջահերով երթ կազմակերպեցին Օտտավայի կենտրոնական փողոցներում։ Երթը սկսվեց Կանադայի մայրաքաղաքի սրտում գտնվող «Մարդու իրավունքներ» հուշարձանից և շարժվեց դեպի ՀՀ դեսպանություն, որտեղ «Հավերժ Հայաստան» հուշարձանի դիմաց տեղի է ունեցավ մոմավառություն։

Հիմնական միջոցառումները տեղի ունեցան ապրիլի 24-ին: Դրանք մեկնարկեցին ՀՀ դեսպանությունում, ուր հոգևոր հայրերը՝ հայկական կազմակերպությունների ու համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների մասնակցությամբ, հիշատակի աղոթք կարդացին։ Այնուհետև կայացավ պսակների զետեղման արարողություն՝ դեսպանության առջև գտնվող «Հավերժ Հայաստան» հուշարձանի առջև:

Գլխավոր միջոցառումը կայացավ Կանադայի խորհրդարանի առջև, որտեղ հավաքվել էին Կանադայում հայ հարանվանական եկեղեցիների հոգևոր առաջնորդներ, կանադացի խորհրդարանականներ, Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության և դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Ելույթներով հանդես եկան Կանադայում ՀՀ դեսպանության խորհրդական Արա Մկրտչյանը, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի կանադական կողմի ղեկավար՝ Կանադայի ազատական կուսակցության անդամ Բրայան Մեյը (Bryan May, MP LPC), պահպանողական կուսակցության ղեկավար Էնդրյու Շիրը (Andrew Scheer), խորհրդարանում ներկայացված այլ քաղաքական ուժերի պատասխանատուները, Կանադայում Հայ դատի հանձնախմբի, ինչպես նաև Կանադայում բնակվող մի շարք ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Միջոցառումից հետո, հայ համայնքի և հոգևոր առաջնորդների մասնակցությամբ, տեղի ունեցավ հիշատակի քայլերթ, որն ավարտվեց Թուրքիայի դեսպանության դիմաց բողոքի ցույցով:

Տպել էջը