Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ Սան Պաուլոյում

24 ապրիլի, 2019

Ապրիլի 24-ին Սան Պաուլո նահանգի Օրենսդրական ժողովի այգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի ունեցավ պաշտոնական արարողություն, որի ընթացքում կատարվեցին ՀՀ և ԲԴՀ պետական օրհներգները, տեղադրվեց ծաղկեպսակ և մատուցվեց հոգևոր պաշտոն:

Նույն օրը Սան Պաուլոյի նահանգի Օրենսդրական ժողովի Ֆրանկո Մոնտորո սրահում գումարվեց հանդիսավոր նիստ՝ նվիրված 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նիստը հրավիրվել էր Սոցիալ-ազատական կուսակցության աջակցությամբ և այն նախագահում էր նահանգային պատգամավոր Դանիլո Բալասը (Danilo Balas): Հանդիսավոր նիստին ներկա էին նահանգային և դաշնային պատգամավորներ, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ և հայ եկեղեցիների առաջնորդներ:

Ներկաներին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը, ով կարևորելով օրվա խորհուրդը տեղեկացրեց նաև, որ Ազգային կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի օրակարգերում ընդգրկված են սենատոր Մաժոր Օլիմպիոյի (Major Olímpio) և դաշնային պատգամավոր Գիլերմե Մուսսիի (Guilherme Mussi) օրենսդրական նախաձեռնությունները ապրիլի 24-ը Բրազիլի Դաշնային Հանրապետությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու վերաբերյալ:

Ապրիլի 28-ին Սան Պաուլոյի Սուրբ Գրիգոր հայ առաքելական եկեղեցում ոգեկոչվեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը և ձևավորված ավանդույթի համաձայն եկեղեցու հարևանությամբ գտնվող հուշակոթողի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն:

 

Տպել էջը