Կոմիտասի 150-ամյակին և Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Վիլնյուսում

24 ապրիլի, 2019

Ապրիլի 24-ին Վիլնյուսի «Կիրառական արվեստի» թանգարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին և Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառում, որը ՀՀ մշակույթի նախարարության և Լիտվայի հայերի միության աջակցությամբ նախաձեռնել և կազմակերպել էր Լիտվայում ՀՀ դեսպանությունը։

Միջոցառման ընթացքում համերգային հատուկ ծրագրով հանդես եկան ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը և դաշնակահարուհի️, Արամ Խաչատրյանի թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը։ Միջոցառմանը ներկա էին Լիտվայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Լիտվայի օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, Սեյմասի պատգամավորներ, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ, մտավորականներ, հայ համայնքի մեծաթիվ ներկայացուցիչներ։

Ելույթ ունենալով միջոցառմանը՝ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր երախտագիտությունը հայտնեց Լիտվայի խորհրդարանին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար և նշեց, որ աշխարհի շատ մայրաքաղաքներում ապրիլի 24-ն արդեն նշվում է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր։ Իր խոսքում դեսպանը նշեց, որ հիշատակի օրը կարող է հնարավորություն լինել անցյալին առերեսվելու և ավելի լավ ապագայի համար հիմք դնելու համար՝ հավելելով, որ սա է ճանապարհ հենց Թուրքիայի համար, այլ ոչ թե ցեղասպանություն իրականացնողներին արդարացնելը, առավել ևս փառաբանելը։

Նույն օրը՝ ավելի վաղ, Լիտվայի ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հիշատակի արարողություն, որը Լիտվայում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպվել էր Վիլնյուսի հայերի միության և Լիտվայի ցեղասպանության և դիմադրության կենտրոնի կողմից։ Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, Լիտվայի Սեյմասի Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գուոդա Բուրոկիենեին (Guoda Burokienė), Լիտվայի հայերի միության անունից Ռուսլան Հարությունյանը և Հայաստանի ու Լիտվայի գրողների միության անդամ, հայտնի արձակագիր Վահագն Գրիգորյանը։

 

Տպել էջը