Դեսպան Տիգրան Մկրտչյանի այցը Էստոնիայի Հաապսալու քաղաք

25 ապրիլի, 2019

Ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Էստոնիայում գտնվող ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն այցելեց Հաապսալու քաղաք և հարգանքի տուրք մատուցեց էստոնացի միսիոներ Հեդվիգ Բյուլի (Hedwig Büll) հիշատակին, ով իր ողջ կյանքը նվիրել է ցեղասպանությունից փրկված հայ որբերին և այրիներին։

Հաապսալու քաղաքում գտնվող Հեդվիգ Բյուլի պատվին կանգնեցված խաչքարի մոտ քաղաքապետ Ուրմաս Սուկլեսի և հայ համայնքի ղեկավար Ռազմիկ Իվանյանի գլխավորությամբ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ ծաղիկների զետեղման և խնկարկման արարողություն, ներկաներին ուղղված խոսքով հանդես եկավ Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։

Դեսպանն իր ելույթում նշեց, որ ամեն տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումների շրջանակներում հայ համայնքի ներկայացուցիչներն այցելում են արդեն յուրատեսակ սրբավայր դարձած հուշահամալիր և իրենց երախտագիտությունն արտահայտում հազարավոր հայորդիների կյանքը փրկած մեծ միսիոներին։

Նույն օրը դեսպան Մկրտչյանն այցելեց նաև Հեդվիգ Բյուլի տուն-թանգարան, որտեղ նա ծնվել և ապրել է մինչ Արևմտյան Հայաստան մեկնելը, գրառում կատարեց նրա հիշատակին նվիրված մատյանում․ դեսպանն այցելեց նաև Հաապսալուի «Մանկական խնամքի տուն»՝ Հայաստանի անունից իր հետ տանելով նվերներ էստոնացի երեխաներին։

Հաապսալուի քաղաքապետ Ուրմաս Սուկլեսի և դեսպան Մկրտչյանի միջև տեղի ունեցավ նաև քննարկում, որի ընթացքում ձեռք բերվեց պայմանավորվածություն Հայաստանի քաղաքներից մեկի հետ Հաապսալուի քույրացման հեռանկարը:

Տպել էջը