Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում ԳԴՀ Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում

27 ապրիլի, 2019

Ապրիլի 27-ին Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի Սբ. Պողոս եկեղեցում տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող միջոցառում, որը կազմակերպվել էր Գերմանահայկական կենտրոնական խորհրդի և Հայ առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի կողմից՝ Հեսսենի հայկական մշակութային միության և «KAMMERTON» նախագծի աջակցությամբ:

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն իր խոսքում նշեց, որ Բունդեսթագի կողմից 2016թ․ հունիսի 2-ին ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևում առկա կարևորագույն դրույթներից է երիտասարդ սերունդներին 20-րդ դարում իրականացված մարդկության դեմ այդ հանցագործության մասին ճշմարտությունը փոխանցելը։ «Սա նաև ապագայում նմանատիպ հանցագործությունները կանխելու նպատակ է հետապնդում։ Եվ այս առումով կարևոր անելիք ունեն ԳԴՀ երկրամասերի պատկան մարմինները»։

ՀՀ դեսպանության հրավերով ԳԴՀ ժամանած հայ երիտասարդ երաժիշտներ Գուր Սարգսյանի, Աիդա Ավանեսյանի, Անի Բադեյանի, ինչպես նաև Ժոռա Սարգսյանի կատարմամբ հնչեցին Կոմիտասի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից:

Ներկաներին խոսքով դիմեց Հայ առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդ Տեր Սերովբե վարդապետ Իսախանյանը՝ իր ելույթն ավարտելով բարեխոսական աղոթքով։

Տպել էջը