Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Քվեբեկ քաղաքում և Մոնրեալում

27 ապրիլի, 2019

Քվեբեկ նահանգի և Մոնրեալի հայկական կազմակերպությունների, Հայ առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիոյի Կանադայի թեմի նախաձեռնությամբ ապրիլի 27-ին և 28-ին Քվեբեկ Սիթիում և Մոնրեալում տեղի ունեցան միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին:

Քվեբեկ քաղաքի կենտրոնում գտնվող Բանաստեղծների զբոսայգում ապրիլի 27-ին տեղի ունեցավ Կոմիտաս Վարդապետի 150-րդ ամյակի և Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողություն, որին ներկա էին Քվեբեկ նահանգի հայ համայնքի և Կանադայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները։ Միջոցառմանը հանդես եկան ելույթով Անթիլիասի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Բաբկեն արք. Չարյանը և Կանադայում ՀՀ դեսպանության խորհրդական Արա Մկրտչյանը։ Առաջնորդարանի երգչախմբի կատարմամբ հնչեցին Կոմիտասի հոգևոր երգերը, համայնքի ներկայացուցիչներն ընթերցեցին Եղիշե Չարենցի և Պարույր Սևակի ստեղծագործություններից հատվածներ՝ նվիրված հայ դասական երաժշտության հիմանդիր Կոմիտասին։

Ապրիլի 28-ին Մոնրեալի «Սուրբ Հակոբ» վարժարանի դահլիճում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում։ Քվեբեկի հայ համայնքի միացյալ մարմնի կողմից կազմակերպված հիշատակի երեկոյին իրենց մասնակցությունն էին բերել Կանադայի խորհրդարանի ստորին պալատի և Քվեբեկ նահանգի խորհրդարանի պատգամավորները, Մոնրեալի և Լավալի քաղաքային խորհրդների անդամները, Կանադայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները, հայ հարանվանական եկեղեցիների հոգևոր առաջնորդները, Քվեբեկ նահանգի քաղաքական և հասարակական գործիչները։ Ելույթներով հանդես եկան դաշնային և նահանգային օրենսդիր մամինների, հայկական կազմակերպությունների, Մոնրեալի և Լավալի քաղաքային խորհրդի ներկայացուցիչները, ինչպես նաև Կանադայում ՀՀ դեսպանության խորհրդական Արա Մկրտչյանը։ Բանախոսներն իրենց ելույթներում դատապարտեցին Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նոր դրսևորումների շրջանակներում վերջերս Թուրքիայի ղեկավարության կողմից հնչեցված ժխտողական հայտարարությունները՝ կոչ անելով հայ ազգի բարեկամներին իրենց գնահատականը տալ այդ հերյուրանքներին։

Տպել էջը