ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրերը հանձնեց Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին

07 մայիսի, 2019

Մայիսի 7-ին Միավորված ազգերի կազմակերպության ժնևյան գրասենյակում Հայաստանի Հանրապետության նորանշանակ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Մայքլ Մոլլերին (Michael Møller)։

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում՝ Մայքլ Մոլլերը շնորհավորեց Անդրանիկ Հովհաննիսյանին ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և բեղմնավոր աշխատանք։ Նա անդրադարձավ ՄԱԿ-ի գրասենյակի գործունեությանը՝ մասնավորապես ներկայացնելով մարդու իրավունքների պաշտպանության, զինաթափման, կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Անդրանիկ Հովհաննիսյանը ներկայացրեց ՄԱԿ-ի գրասենյակի օրակարգային հարցերի շուրջ Հայաստանի մոտեցումները: Նա անդրադարձավ ժողովրդավարության ու իրավունքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտներում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին:

Դեսպան Հովհաննիսյանը ներկայացրեց նաև Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի գործառույթների շրջանակներում ծավալվող համագործակցության շուրջ:

Տպել էջը