Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվան նվիրված միջոցառումների վերաբերյալ

10 մայիսի, 2019

Մայիսի 9-ին Բուենոս Այրեսում տեղի ունեցավ Արգենտինայում հավատարմագրված ԱՊՀ անդամ պետությունների կողմից կազմակերպված՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի տոնին նվիրված համերգը, որին ներկա էին ԱՀ ԱԳՆ պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ԱՊՀ անդամ պետությունների համայնքների ներկայացուցիչներ և այլք:

Իր ելույթում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանն ընդգծեց Հայրենական մեծ պատերազմում հերոսացած հայ հրամանատարների, Թամանյանի 49-րդ գումարտակի, ինչպես նաև հայ հերոսների ներդրումը, որը հավերժ կմնա պատմության էջերում:

Միջոցառմանը հնչեցին Հայրենական մեծ պատերազմի տարիների երգեր, իսկ հայ երգիչներ Ալլա Ավետիսյանի և Հարություն Ասատրյանի կատարումներն արժանացան հանդիսատեսի բուռն ծափահարություններին:

Բուլղարիայի մի շարք քաղաքներում տեղի ունեցան տոնական միջոցառումներ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակին:

Սոֆիայում և Պլովդիվում կազմակերպված տոնական հանդիսություններին մասնակցեց Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: ՀՀ դեսպանության անունից ծաղկեպսակներ զետեղվեցին Սոֆիայի կենտրոնում գտնվող Սովետական բանակի հուշարձանին, ապա Անհայտ զինվորի գերեզմանին: Օրվա երկրորդ կեսին դեսպան Սարգսյանն այցելեց Պլովդիվ քաղաք, որտեղ ծաղկեպսակ զետեղեց հայտնի «Ալյոշա» հուշարձանին:

Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, Ղազախստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ մեկտեղ, մասնակցեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի կապակցությամբ մայրաքաղաք Նուր-Սուլթանից «Մայր հայրենիք» հուշարձան ընկած տարածքով կազմակերպված «Անմահ գունդ» քայլերթին: Իսկ ՂՀ-ում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Գրիգոր Տոնաբեկյանը մասնակցեց Հայրենիքի պաշտպանի հրապարակում տեղի ունեցած ծաղկեպսակների զետեղման արարողությանը, որին ներկա էին ՂՀ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ՂՀ Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևան, ՂՀ վարչապետ Ասկար Մամինը:

Հաջորդ օրը Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ Ղազախստանում Հայաստանի դեսպանն այցելեց Եսիլ քաղաք (Ակմոլինսկի մարզ): ՀՀ դեսպանին և նրան ուղեկցող անձանց դիմավորեց Եսիլի շրջանի ակիմ Սերիկ Բալժանովը: ՀՀ դեսպանը և Եսիլի շրջանի ակիմը, ՂՀ-ում ՀՀ ռազմական կցորդ Գրիգոր Տոնաբեկյանի, Նուր-Սուլթանի և Կոկչետավի հայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև շրջանի ռուս, տաջիկ և հույն համայնքների ներկայացուցիչների ուղեկցությամբ, այցելեցին քաղաքի գերեզմանատուն, ծաղկեպսակ դրեցին Խորհրդային Միության հերոս Իշխան Սարիբեկյանի (1912-1990թթ.) շիրիմին (Իշխան Սարիբեկյանը հերոսի կոչման է արժանացել 1944թ. ապրիլին՝ Սևաստոպոլի Սապուն լեռան անառիկ համարվող ամրությունները գրավելիս ցուցաբերած բացառիկ արիության համար):

Իսպանիայում ՀՀ դեսպանության դիվանագետները մայիսի 9-ին մասնակցեցին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-րդ տարեդարձի առթիվ Ռուսաստանի դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը և ծաղկեպսակ զետեղեցին Խորհրդային կամավորների հիշատակին հուշարձանին:

Իսպանիայում Հայաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էդուարդ Հարությունյանն իր ելույթում շնորհավորեց ներկաներին Հաղթանակի օրվա կապակցությամբ՝ կարևորելով հարյուր հազարավոր հայերի դերակատարությունն այս հաղթանակի կերտման գործում:

Բաթումում մայիսի 12-ին կազմակերպվեցին միջոցառումներ՝ նվիրված Մայիսյան եռատոնին. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-րդ, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանական բանակի կազմավորման 27-րդ տարեդարձերին:

Բաթումի Սուրբ Փրկիչ Հայ առաքելական եկեղեցում կատարվեց հոգահանգստյան կարգ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման մարտերում զոհված մարտիկների՝ ՀԱԵ վիրահայոց թեմի՝ տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ: Ներկաների առջև ելույթներով հանդես են եկել ՀԱԵ հոգևոր հովիվը և Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը:

ԱՊՀ գործադիր կոմիտեի կենտրոնակայանում բացվել և գործում է Հաղթանակի օրվան նվիրված ֆոտո և վիդեոցուցահանդեսը։ Ցուցահանդեսը կազմակերպվել է Բելառուսում հավատարմագրված ԱՊՀ մասնակից պետությունների դեսպանությունների աջակցությամբ։

Ցուցահանդեսին առանձին վահանակով ներկայացված են նաև Հայրենական մեծ պատերազմի մասնակից հայազգի ականավոր զորահրամանատարի լուսանկարներ և համապատասխան նյութեր, որոնց ամփոփման հարցում աջակցություն է ցուցաբերել «Մայր Հայաստան» ռազմապատմական թանգարանը։ Ներկայացված նյութերում առանձին ուշադրություն է գրավում ԽՍՀՄ հայ մարշալներին և հատկապես Բելառուսի ազատագրման համատեքստում Հովհաննես Բաղրամյանին վերաբերող նյութերը, ինչպես նաև «Սասունցի Դավիթ» տանկային զորամիավորին առնչվող լուսանկարները, որը ևս ակտիվ մասնակցություն է ունեցել Բելառուսի ազատագրման հարցում։

 

Տպել էջը