ԱԳՆ գլխավոր քարտուղարի աշխատանքային այցը Չեխիայի Հանրապետություն

13 մայիսի, 2019

Մայիսի 11-13-ը ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանն աշխատանքային այցով գտնվում էր Չեխիայի Հանրապետությունում:

Այցի շրջանակներում ԱԳՆ գլխավոր քարտուղարը, Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի ուղեկցությամբ, հանդիպեց Չեխիայի ԱԳՆ պետքարտուղար Միլոսլավ Ստաշեկի (Miloslav Stašek) և տնտեսական և ֆունկցիոնալ հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Տոմաշ Կրիլի (Tomáš Kryl) հետ։

Վահագն Մելիքյանը զրուցակիցներին ներկայացրեց վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցած զարգացումները, ներքին բարեփոխումների և ժողովրդավարության զարգացմանն ուղղված գործընթացները: Հանդիպումներին երկուստեք բարձր գնահատվեց հայ-չեխական հարաբերությունների քաղաքական օրակարգի ներկայիս վիճակը և անդրադարձ կատարվեց երկկողմ տնտեսական հարաբերություններում առկա ներուժի արդյունավետ կիրառման անհրաժեշտությանը, հատկապես, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության հնարավորությունների մասին։

Տոմաշ Կրիլը հանգամանորեն ներկայացրեց արտերկրում Չեխիայի դիվանագիտական ներկայացվածության պատկերը և վերջինիս հետ կապված չեխական կողմի առջև ծառացած խնդիրները, մինչդեռ Վահագն Մելիքյանն անդրադարձավ Հայաստանի պարագայում նմանատիպ խնդիրների առկայությանը, քննարկվեցին դիվանագիտական ծառայության ֆինանսատնտեսական գրեթե բոլոր ասպեկտները։

Միլոսլավ Ստաշեկը հանդիպման ընթացքում հայ-չեխական հարաբերություններին տվեց «գերազանց» որակավորում, անդրադարձավ Չեխիայի վարած տնտեսական դիվանագիտության շրջանակներում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը, որի համատեքստում ԱԳՆ գլխավոր քարտուղարը խոսեց ներկայումս Հայաստանում ընթացող տնտեսական հեղափոխության ընթացքի մասին, ներկայացրեց կառավարության կողմից տարվող հակակոռուպցիոն ձեռնարկներն ու Հայաստանում բիզնես հնարավորությունների ընդլայնման հնարավորությունները։ Զրուցակիցները հանգամանորեն քննարկեցին ԱԳՆ գործունեության ամենատարբեր ոլորտների ֆինանսական կարգավորումների և դիվանագիտական ծառայության սոցիալական երաշխիքների հետ կապված հարցերը։

Տպել էջը