ՀՀ մշտական ներկայացուցչի հանդիպումը Հեռահաղորդակցության միջազգային միության գլխավոր քարտուղարի հետ

17 մայիսի, 2019

Մայիսի 17-ին Միավորված ազգերի կազմակերպության ժնևյան գրասենյակում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպեց Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) գլխավոր քարտուղար Հուլին Ժաոյի (Houlin Zhao) հետ։

Դեսպան Հովհաննիսյանը բարձր գնահատեց ՀՄՄ-ի գործունեությունը` որպես միջազգային փոխգործակցության կարևոր հարթակ։ Անդրադառնալով կազմակերպության շրջանակներում Հայաստանի հետ ձևավորված համագործակցությանը՝ նա համոզմունք հայտնեց, որ այն կշարունակի արդյունավետ զարգանալ։

Անդրանիկ Հովհաննիսյանն անդրադարձավ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին` մասնավորապես ներկայացնելով տնտեսական ոլորտում ձեռնարկվող քայլերը։ Նա ընդգծեց, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է բարձր տեխնոլոգիաների զարգացման ուղղությունը։ Այս համատեքստում ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանում արձանագրված առաջընթացը՝ հատուկ անդրադարձ կատարելով նորարարության և ստեղծագործական կրթության ուղղությամբ իրագործվող քայլերին։

ՀՄՄ-ի գլխավոր քարտուղարը ևս գոհունակություն արտահայտեց Հայաստանի հետ ձևավորված համագործակցության կապակցությամբ և պատրաստակամություն հայտնեց այսուհետ ևս իր նպաստը բերել դրանց ընդլայնմանը։ Նա բարձր գնահատեց տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության ոլորտների զարգացման Հայաստանի հանձնառությունը։ Հուլին Ժաոն դեսպան Հովհաննիսյանին ներկայացրեց ՀՄՄ գործունեության գերակայությունները։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՀՄՄ-ի շրջանակներում իրականացվող համագործակցության ծրագրերի և դրանց հեռանկարների շուրջ։

 

Տպել էջը