Նիդերլանդներում Հայաստանի դեսպանի հանդիպումը Լիմբուրգի նահանգապետի հետ

21 մայիսի, 2019

Մայիսի 21-ին Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Մաաստրիխտ, որտեղ հանդիպում ունեցավ Լիմբուրգի նահանգապետ (Թագավորի հանձնակատար) Թեո Բովենսի (Theo Bovens) հետ։

Ողջունելով դեսպանին՝ Լիմբուրգի նահանգապետը նշեց, որ լինելով պատմաբան քաջածանոթ է Հայաստանի պատմությանը և ուրախ է, որ իր ղեկավարած նահանգում հայերը պատմական և օրինակելի ներկայություն ունեն։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Բալայանը նահանգապետ Բովենսին ներկայացրեց Թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումները, ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները։

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Նիդերլանդների տեղական ինքնակառավարման մարմինների միջև կայուն զարգացման, աղբահանության բնագավառում լավագույն փորձի փոխանակման և մի շարք այլ բնագավառներում համագործակցության հաստատման հնարավարությունները։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Լիմբուրգ նահանգում հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող համատեղ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ։

Հանդիպումից հետո դեսպան Բալայանը նահանգապետ Բովենսի ուղեկցությամբ ծանոթացավ նահանգապետի նստավայրին, ուր 1992թ. ստորագրվել է Եվրամիության հիմնադիր փաստաթղթերից՝ Մաաստրիխտի պայմանագիրը։

Տպել էջը