Հայաստանի և Ուրուգվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 27-ամյակը

27 մայիսի, 2019

Մայիսի 27-ին լրանում է Հայաստանի և Ուրուգվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 27-ամյակը:

Անցած տարիների ընթացքում փոխադարձ հարգանքի և համակրանքի հիման վրա երկու պետությունների և ժողովուրդների միջև հաստատվել են ջերմ բարեկամության և սերտ համագործակցության կապեր: Երևանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության հիմնումը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։

Գոհունակությամբ պետք է նշել, որ հայ-ուրուգվայական հարաբերություններում կարևոր դերակատարություն ունի հայ համայնքը, որը հաստատվել է Ուրուգվայում Մեծ Եղեռնից հետո: Ցեղասպանության ճանաչման գործընթացում Ուրուգվայը ստանձնեց առաջամարտիկի դերը՝ օրինակ ծառայելով ամբողջ աշխարհին և այդպիսով ցույց տալով իր հավատարմությունը համամարդկային արժեքներին։

Հայաստանը բարձր է գնահատում Ուրուգվայի աջակցությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

ՀՀ ԱԳՆ խորին համոզմունք է հայտնում, որ ապագայում Հայաստանի և Ուրուգվայի հարաբերությունները էլ ավելի կզարգանան և կամրապնդվեն՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների:

Տպել էջը