Հանդիպում Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հետ

28 մայիսի, 2019

Մայիսի 28-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի հետ միասին հանդիպեց Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգին (Adama Dieng)։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի և վերջինիս գրասենյակի հետ Հայաստանի ակտիվ համագործակցությանը և համատեղ իրականացվող նախաձեռնություններին: Հիշատակվեց 2018թ. դեկտեմբերի 9-11-ը Հայաստանում տեղի ունեցած՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը, որը կազմակերպվել էր Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի գրասենյակի հետ համատեղ և հատուկ խորհրդական Ադամա Դիենգի մասնակցությամբ։

Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու կոնվենցիայի իրազեկման բարձրացմանն ուղղված քայլերին, այդ թվում՝ դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու մասին Հայաստանի կողմից ՄԱԿ-ում նախաձեռնված բանաձևին։ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի կողմից ընդգծվեց ժխտողականության դեմ պայքարելու և ցեղասպանության զոհերի հիշատակն ու արժանապատվությունը ոտնահարող հայտարարությունները դատապարտելու անհրաժեշտությունը՝ մարդկության դեմ հետագա հանցագործությունները կանխարգելու համատեքստում:

Տպել էջը