Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին հանրապետության 101-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների մասին

30 մայիսի, 2019

Մայիսի 28-ին Բելառուսում Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպվեց ընդունելություն` նվիրված Հանրապետության տոնին։ Միջոցառմանը ներկա էին ԲՀ ԱԳ նախարարության, Բելառուսի Ազգային ակադեմիայի, պետական և տեխնիկական համալսարանների, Մինսկյան քաղաքային մշակութա-լուսավորչական «Հայաստան» միության», Հայագիտական ուսումնասիրությունների զարգացման և աջակցման «Անիվ» հիմնադրամի, ինչպես նաև Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Բացման խոսքով հանդես եկավ ԲՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանը, ով, մասնավորապես, նշեց. «1918 թվականի մայիսի 28-ին ծնունդ առած Հայաստանի Հանրապետությունը պսակն էր մեր դարավոր պայքարի: Եթե մինչ մայիսի 28-ը հայապահպանությունը կազմակերպված է եղել կրոնական, մշակութային, կուսակցական ու հասարակական կառույցների շնորհիվ, ապա առաջին Հանրապետություն հռչակումով այն ուղղորդվեց վերականգնված պետականության հուն։ Պատմական բարդ այդ շրջանում նորաստեղծ Հանրապետությունը ձեռնամուխ եղավ երկրի զարգացմանը, բարեկամ երկրների հետ ինքնիշխան հարաբերությունների հաստատման ու ծավալմանը»։

Մայիսի 28-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության ու «Մեր տունը Վրաստանն է» հայ-վրացական կազմակերպության համագործակցությամբ և հայկական համայնքային մյուս կառույցների մասնակցությամբ Բաթումի «Մեդուզա» ռեստորանային համալիրում կազմակերպվեց ընդունելություն՝ նվիրված Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 101-րդ տարեդարձերին, որին ներկա էին Բաթումի քաղաքային խորհրդի նախագահ Սուլիկո Թեբիձեն, Բաթումի քաղաքապետի առաջին տեղակալ Թինգիզ Պետրիձեն, քաղաքապետի տեղակալ Լելա Սուրմանիձեն, քաղաքային խորհրդի անդամներ, այլ պաշտոնյաներ, ազգային փոքրամասնությունների, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Բաթումի քաղաքապետի առաջին տեղակալ Թինգիզ Պետրիձեն, «Մեր տունը Վրաստանն է» հայ-վրացական կազմակերպության ղեկավար Սահակ Տալիթյանը, Աջարիայի հայերի միության խորհրդի անդամ, «Աղբյուր» էլեկտրոնային թերթի խմբագիր Արթուր Հովհաննիսյանը, եզդիական և հրեական համայնքների ղեկավարները, միջոցառման այլ մասնակիցներ:

ՀՀ գլխավոր հյուպատոսը, մասնավորապես, անդրադարձավ Սռաջին հանրապետության հռչակմանը նախորդած՝ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերին, որոնցում տարված հաղթանակների շնորհիվ ետ մղվեցին թուրքական զավթիչները և հնարավոր դարձավ անկախության հռչակումը: Նա խոսեց նաև հայ-վրացական ավանդական բարեկամական կապերի և դրանց բազմակողմանի զարգացման արդի նոր փուլի մասին:

Բաթումի փոխքաղաքապետը և մյուս ելույթ ունեցողները խոսեցին 101 տարի առաջ հռչակված Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության պատմական նշանակության, հայ և վրացի ժողովուրդների բարեկամական կապերի մասին:

Մայիսի 28-ին Կլայպեդայի հայկական «Վան» համայնքը Կլայպեդայի Ազգային մշակութի կենտրոնում կազմակերպեց միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության 101-ամյակին, որին մասնակցում էր նաև Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։

Միջոցառման առաջին մասում տեղի ունեցավ հայտնի նկարիչ, UNESCO-ի պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ, Արցախյան ազատամարտի մասնակից Արթուր Մարտիրոսյանի անհատական ցուցահանդեսի բացումը։

Հանդես գալով ողջույնի խոսքով՝ դեսպան Մկրտչյանը շնորհավորեց ներկաներին Հանրապետության տոնի կապակցությամբ՝ նշելով, 101 տարի առաջ հայ ժողովուրդը հավաքական պայքարի արդյունքում վերագտավ իր անկախությունը և սատար կանգնեց ազատ ապրելու իր իրավունքին։

Միջոցառման երկրորդ մասում տեղի ունեցավ վերջերս Լեռնային Ղարաբաղ այցելած լիտվացի լուսանկարիչ Անտանաս Ստանկյավիչյուսը հյուրերին ներկայացրեց Արցախից ունեցած իր տպավորությունները՝ ներկայացնելով իր լուսանկարները, որոնք նա կատարել էր Շուշիի ազատագրման տոնակատարությունների ընթացքում։

Մայիսի 30-ին Հայաստանի առաջին Հանրապետության տոնի առթիվ Չեխիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց հայ-չեխական բարեկամական երեկույթ, որին մասնակցեցին Չեխիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, սենատորներ և պատգամավորներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ և բազմաթիվ հայրենակիցներ։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, իսկ Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյտյեխ Պիկալը (Vojtěch Pikal) և Չեխիայի խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ և հայ-չեխական միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդան (Marek Benda) հանդես եկան շնորհավորական ուղերձներով։

Տպել էջը