Կիպրոսի, Հայաստանի և Հունաստանի միջև կայացած եռակողմ նախարարական հանդիպման համատեղ հայտարարություն
04 հունիսի, 20192019թ․ հունիսի 4-ին Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ն․Գ․ Նիկոս Խրիստոդուլիդեսը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ն․Գ․ Զոհրաբ Մնացականյանը և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ն․Գ․ Ջորջ Կատրուգալոսը հանդիպում ունեցան Նիկոսիայում և որոշեցին հաստատել եռակողմ գործընկերություն իրենց երկրների միջև։
Նախարարները համաձայնեցին, որ երեք երկրների` ընդհանուր արժեքների, մշակույթի և ժառանգության վրա հիմնված եռակողմ համագործակցությունն առաջնորդվում է միջազգային իրավունքի և ՄԱԿ կանոնադրությամբ ամրագրված նպատակների և սկզբունքների նկատմամբ հարգանքի սկզբունքներով:
Այս շրջանակում նախարարները համաձայնեցին, որ այս եռակողմ համագործակցության միակ նպատակը խաղաղության, կայունության և բարգավաճման խթանումն է մասնակից երկրների միջև լայն քաղաքական երկխոսության և համագործակցության միջոցով։
Նախարարները հաստատեցին եռակողմ համագործակցության կարևորությունն ու արդյունավետությունը և ընդգծեցին իրենց հանձառությունն ընդլայնելու և խորացնելու իրենց եռակողմ համագործակցությունը և առանձնացնելու փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը և ներդրումները, գյուղատնտեսությունը, կրթությունը և գիտությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները և նորարարությունը, առողջապահությունը, ճգնաժամերի կառավարումը, մշակույթը և զբոսաշրջությունը՝ ընդգծելով դրանց կարևորությունը երեք երկրների տնտեսությունների և քաղաքացիների համար։
Այս առնչությամբ նրանք համաձայնեցին կիսվել տեղեկատվությամբ, փոխանակել լավագույն փորձը և գիտելիքները և առաջիկա ամիսների ընթացքում վերոնշյալ ոլորտներում համագործակցության համար հստակ առաջարկներ ներկայացնել, որոնք պետք է քննարկվեն երկրորդ եռակողմ հանդիպմանը:
Ավելին, նախարարները համաձայնեցին առավել ընդլայնել իրենց համագործակցությունը միջազգային հարթակներում և ընդգծեցին աշխարհի՝ որոշումների կայացման կենտրոններում սփյուռքի հիմնախնդիրների շուրջ գործողությունների համակարգման կարևորությունը։
Նախարարները մտքեր փոխանակեցին Կիպրոսի հիմնախնդրի և Թուրքիայի կողմից Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտու խախտումների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերի և Պրեսպայի համաձայնագրի կիրարկման շուրջ: Նրանք նաև քննարկեցին միջազգային օրակարգի հարցեր և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների։
Ավելին, նրանք քննարկեցին Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները։ Կիպրոսը և Հունաստանն իրենց աջակցությունը հայտնեցին այս հարաբերությունների ամրապնդմանը՝ Արևելյան գործընկերության, ինչպես նաև մի կողմից Եվրամիության և Եվրոպական ատոմային էներգիայի համայնքի և նրա անդամների և մյուս կողմից Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, որը ստորագրվել է 2017թ․ նոյեմբերի 24-ին, և որի ժամանակավոր կիրարկումը մեկնարկել է 2018թ․ հունիսի 1-ից։ Այս առնչությամբ նախարարներն կարևորեցին բոլոր կողմերի կողմից Համաձայնագրի արագ վավերացումը, ինչը հնարավոր կդարձնի վերջինիս՝ ամբողջական ուժի մեջ մտնելը։
Նախարարները համաձայնեցին, որ երկրների և/կամ կառավարությունների ղեկավարների մակարդակով առաջին գագաթաժողովը կհյուրընկալի Հայաստանը 2020թ. Հունվարին: