ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ

26 հունիսի, 2019

Հունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց ԵՄ հատուկ ներկայացուցչի պարբերական այցելությունները և նմանօրինակ հանդիպումների անցկացումը՝ տարածաշրջանային խնդիրների և ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում հարցերի քննարկման համար:

Զոհրաբ Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները,  ԵԱՀԿ Մինսկ խմբի համանխագահների հովանու ներքո Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների մանրամասները: Անդրադառնալով հանդիպմանը նախորդող շրջանում Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով իրադրության լարմանը՝ նախարար Մնացականյանն ընդգծեց նման զարգացումների բացասական ազդեցությունը խաղաղ կարգավորման գործընթացի վրա:

Խաղաղ գործընթացի առաջմղման գործում ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը և այս շրջանակներում հրադադարի ռեժիմի ամրապնդումը, ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացումը և ռազմատենչ հռետորաբանության բացառումը: 

 

Տպել էջը