ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Շարժայի կառավարական պատվիրակության հետ

27 հունիսի, 2019

Հունիսի 27-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը հանդիպեց Շեյխ Ֆահիմ բին Սուլտան Ալ-Կասիմիի (Sheikh Fahin bin Sultan Al-Qasimi) գլխավորած Շարժայի կառավարական պատվիրակությանը։ Շարժայի էմիրության կառավարական հարցերով գործադիր նախագահ Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմիի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են նաև Շարժայի կառավարության հետ կապերի վարչության պետ Շեյխ Մաջիդ Ալ-Կասիմին (Sheikh Majid Al-Qasimi) և Միջազգային հարաբերությունների և հետազոտությունների բաժնի ներկայացուցիչ Ալի Ալ-Քիթբին (Ali Al-Kitbi):

Ողջունելով հյուրերին՝ ԱԳՆ գլխավոր քարտուղարը գոհունակությամբ ընդգծեց Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև տարբեր ոլորտներում դինամիկ կերպով աճող փոխադարձ հետաքրքրությունը։

Զրուցակիցներն անդրադարձան վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք ակտիվ փոխայցելությունների կարևորությանը՝ հայ-էմիրաթական հարաբերությունների զարգացման համատեքստում։ Մասնավորապես ընդգծվեց ՀՀ նախագահի՝ ԱՄԷ կատարած այցը, ինչպես նաև հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացումը Երևանում։

Անդրադառնալով հատկապես Շարժայի հետ համագործակցությանը՝ ԱԳՆ գլխավոր քարտուղարը նշեց, որ հայկական կողմը մշտապես երախտապարտ կլինի Շարժայի Էմիրության կառավարիչ Շեյխ Սուլտան Ալ-Կասիմիին՝ Հաղարծինի վանքի վերանորոգմանն օժանդակելու համար, և այս փաստն իրականում երկու բարեկամ ժողովուրդների համագործակցության ամուր հիմքերից մեկն է։

Զրուցակիցները նշեցին, որ Էմիրությունների, և մասնավորապես Շարժայի հետ բազում ուղղություններով առկա է մեծ ներուժ։ Փոխադարձ հետաքրքրություն կարող է ներկայացնել համագործակցության խորացումը զբոսաշրջության, գյուղատնտեսության և պարենային անվտանգության, մշակույթի, գիտության և կրթության բնագավառներում։

Խոսելով զբոսաշրջային ոլորտում համագործակցության մասին՝ Վահագն Մելիքյանը կարևորեց Շարժայից Երևան ուղիղ չվերթի առկայությունը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի և ընդունելության համար՝ Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմին վստահեցրեց, որ այս այցը միայն առաջինն է նախատեսվող բազմաթիվ այցելությունների շարքում, որոնց նպատակն է Շարժայի էմիրության և Հայաստանի միջև մի շարք ոլորտներում փոխշահավետ համագործակցության խորացումը։

Տպել էջը