Բելառուսում Հայաստանի դեսպանի այցը Վիտեբսկի մարզ
29 հունիսի, 2019Հունիսի 28-29-ը Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը աշխատանքային այցով գտնվում էր Վիտեբսկի մարզում։
Հունիսի 28-ին Վիտեբսկի մարզի նահանգապետ Նիկոլայ Շերստնևի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-բելառուսական ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները, Հայաստանի Լոռու մարզի ու Բելառուսի Վիտեբսկի մարզի միջև փոխգործակցության հետագա ծավալման հնարավոր ուղղությունները։
Նույն օրը Վիտեբսկի հիմնադրման 1045-ամյակին և ֆաշիզմից Բելառուսի ազատագրման 75-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը դեսպան Ղևոնդյանն իր խոսքում ընդգծեց նաև հայ մարտիկների ներդրումը Վիտեբսկի ազատագրման գործում, ներկաների ուշադրությունը հրավիրեց քաղաքի ինչպես հետպատերազմյան վերականգնման շրջանում, այնպես էլ մարզի ներկա զարգացման գործում հայ համայնքի ներկայացուցիչների դերակատարության վրա։
Հունիսի 29-ին Հայաստանի դեսպանը մասնակցեց Վիտեբսկի մարզի ամենախոշոր թիվ 46 դպրոցի՝ Խորհրդային Միության կրկնակի հերոս մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունով անվանակոչման հանդիսավոր արարողությանը։