Դեսպան Սմբատյանի աշխատանքային այցը Սաար երկրամաս

01 հուլիսի, 2019

Հուլիսի 1-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այցով մեկնեց ԳԴՀ Սաար երկրամաս։

Այցի ընթացքում դեսպանին ընդունեց երկրամասի խորհրդարանի` Լանդթագի նախագահ Շտեֆան Տոսկանին (Stephan Toscani)։ Վերջինիս հետ քննարկվեց խորհրդարանական համագործակցության հարցերի լայն շրջանակ և ամփոփվեցին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի` ընթացիկ տարվա մարտին նաև Սաար երկրամաս կատարած պաշտոնական այցի արդյունքները` հատուկ ուշադրություն դարձնելով կրթության ոլորտում համագործակցության խորացմանը։

Նույն օրը դեսպան Սմբատյանը հանդիպեց Սաարի համալսարանի ղեկավարությանը։ Անդրադարձ կատարվեց Երևանի պետական համալսարանի և Սաարի համալսարանի միջև առկա ակտիվ փոխգործակցության շրջանակների հետագա խորացման հեռանկարներին։

Հուլիսի 1-ին Սաար երկրամասի կոնսերվատորիայի համերգասրահում տեղի ունեցավ Կոմիտասի 150-ամյա հոբելյանին նվիրված համերգ։ Բացման խոսքով հանդես եկան կոնսերվատորիայի ռեկտոր պրոֆեսոր Վոլֆգանգ Մայերը և դեսպան Աշոտ Սմբատյանը։ Կոմիտասի և հայ դասականների ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան հայտնի դուդուկահար Գևորգ Դաբաղյանը, Սաարի կոնսերվատորիայի պրոֆեսորներ Տաթևիկ Մոկացյանը, Գրիգոր Ասմարյանը, ինչպես նաև՝ նույն կոնսերվատորիայի հայ, գերմանացի, ֆրանսիացի և այլ տաղանդաշատ կատարողներ։

 

Տպել էջը