Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ
24 հուլիսի, 2019Հուլիսի 24-ին Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ:
Վարչապետ Մամուկա Բախտաձեն և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձան հայ-վրացական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ երկուստեք համոզմունք հայտնելով, որ հետագա ակտիվ փոխգործակցությունը կնպաստի երկու հարևան ու բարեկամ պետությունների միջև մի շարք ուղղություններով համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը:
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծեցին առևտրատնտեսական հարաբերությունների բարձր մակարդակը՝ նշելով, որ այդ կապերի փոխշահավետ դինամիկ զարգացման համար անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել առկա մեծ ներուժի կիրառման ուղղությամբ, այդ թվում տարածաշրջանային նոր ծրագրերի խթանման միջոցով:
Զոհրաբ Մնացականյանը և Մամուկա Բախտաձեն դրական գնահատեցին միջազգային կառույցներում և բազմակողմ այլ հարթակներում Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը: Կողմերը ԵՄ Արևելյան գործընկերության 10-ամյա հոբելյանի համատեքստում մտքեր փոխանակեցին այդ նախաձեռնության ապագա տեսլականի և այդ ձևաչափում համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերի շուրջ։
Այս առնչությամբ առանձնահատուկ ընդգծվեց երիտասարդության շրջանում կապերի խթանմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը, ինչն առավել կամրապնդի ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների հիման վրա գործող հասարակությունների հետագա մերձեցումը:
Վրաստանի վարչապետը և Հայաստանի ԱԳ նախարարը բարձր գնահատեցին վիրահայ համայնքի կամրջող դերակատարությունը երկու բարեկամ ժողովուրդների առավել մերձեցման և հարաբերությունների ամրապնդման հարցում։ Հայաստանի ԱԳ նախարարն իր երախտագիտությունը հայտնեց Վրաստանի իշխանություններին՝ հայ համայնքի հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար:
Վրաստանի վարչապետը և Հայաստանի ԱԳ նախարարը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության և կայունության անհրաժեշտությունը և այս ուղղությամբ Հայաստանի և Վրաստանի հետագա համագործակցության կարևորությունը: