Հայաստանի դեսպանի հանդիպումը Բելառուսի էկոնոմիկայի նախարարի հետ

22 օգոստոսի, 2019

Օգոստոսի 22-ին Բելառուսի էկոնոմիկայի նախարարությունում կայացավ Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Բելառուսի էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կրուտոյի (Дмитрий Крутой) հետ։

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան տնտեսական ոլորտում հայ-բելառուսական փոխգործակցությանն առչվող արդի հարցերին ու հեռանկարներին։ Երկկողմ ապրանքաշրջանառության գրանցվող աճի համատեքստում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համապատասխան որոշումների իրականացմանը, ինչպես նաև գործընկերության ներուժի բացահայտմանը, այդ թվում նաև ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ բազմակողմ կառույցների շրջանակներում սահմանված գործիքակազմի առավել արդյունավետ կիրառմամբ։ Դեսպան Ղևոնդյանն ու Դմիտրի Կրուտոյը քննարկեցին նաև ՏՏ և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության առավելությունները։

Երկու պետությունների պետական կառույցների և գործարար համայնքների մակարդակով երկխոսության աշխուժացման, ինչպես նաև փոխշահավետ առևտրատնտեսական նախագծերի առաջմղման հեռանկարային եղանակների հստակեցման համատեքստում ընդգծվեց դեսպանության-նախարարության ձևաչափում պարբերական հանդիպումների կարևորությունը։

 

 

Տպել էջը