ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողով. օր երկրորդ

28 օգոստոսի, 2019

Օգոստոսի 28-ին Երևանում իր աշխատանքները շարունակեց նախօրեին մեկնարկած ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովը։

Համաժողովի երկրորդ օրը սկսեց  «ՀՀ զարգացման օրակարգը» խորագիրը կրող թեմատիկ քննարկմամբ, որը վարում էր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Որպես բանախոսներ հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Արմեն Նուրբեկյանը, Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը: Քննարկման ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստանում ստեղծագործ կրթության, նորարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարների շուրջ:

«Ավանդական նկարագիր և իմիջային ադապտացիա (պատմություն և հայկական ինքնություն)» խորագրով քննարկումը վարում էր ԱԳ նախարարի խորհրդական Ռուբեն Կարապետյանը: Քննարկման բանախոսներն էին  ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, Հայոց ցեղասպանության թանգարան - ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը, ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն  Վահե Գաբրիելյանը, ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Վահե Գևորգյանը: Քննարկման մասնակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի ներկայացման իմիջի առանցք հանդիսացող հայկական ինքնության, պատմական անցյալի, ժառանգության ու ավանդական արժեքների շուրջ: 

«Նոր իմիջային հնարավորություններ (ժողովրդավարություն, նորարարություն, ներգրավվածություն, փոքր պետությունների համերաշխություն)» խորագրիրը կրող երրորդ թեմատիկ քննարկման բանախոսներն էին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար, UWC Dilijan-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Արման Ջիլավյանը, Մեդիամաքս լրատվական գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը, Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպան և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը, Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և Ֆրանսիական Հանրապետությունում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Քննարկումը վարում էր ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը:

Քննարկման կենտրոնում նոր Հայաստանն էր, որն աշխարհին է ներկայանում ավելի հավակնոտ տեսլականով: Մասնակիցները մտքեր փոխանակեցին, թե 2018թ. տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունն իր խաղաղ բնույթով, սոցիալական արդարության, օրենքի գերակայության և օրենքի առջև բոլորի հավասարության ընդգծ­ված պահանջներով միջազգային ասպարեզում ինչ հնարավորություններ է ընձեռնել հատկապես մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցերում Հայաստանի ձայնն առավել հնչեղ դարձնելու առումով՝ թույլ տալով աշխարհին ներկայանալ որպես ժողովրդավարության և ազատականության առաջնորդներից մեկը:

Համաժողովի երկրորդ օրվա ավարտին մասնակիցները ծավալուն քննարկումներ ունեցան ԱԳՆ-ում իրականացվող ներքին բարեփոխումների, այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների շուրջ։

Տպել էջը