Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում «Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի» Արտաքին գործերի նախարարների հանդիպման համատեղ հայտարարությունը
25 սեպտեմբերի, 2019Մենք՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Ին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Բոլիվիայի Բազմազգ Պետության արտաքին գործերի նախարար Դիեգո Պերի Ռոդրիգեսը, Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ա. Ալհակիմը, Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լուիջի դի Մայոին, Պերուի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նեստոր Պոպոլիցիո Բարդալեսը, Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Իաբ Ֆաուսինը, հանդիպեցինք 2019թ. սեպտեմբերի 25-ին ՄԱԿ կենտրոնակայանում՝ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում, «Հնագույն քաղաքակրթությունների ֆորում» նախարարական հանդիպման համար, որը նախագահում էր Չինաստանի Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Ին:
Մենք վերահաստատեցինք Աթենքի հռչակագրում և Տիվանակուի հռչակագրում ամրագրված ոգին և շեշտեցինք, որ «Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը» կարևոր հարթակ է անդամ երկրների միջև երկխոսության և մշակութային համագործակցության համար: Մենք նաև վերահաստատեցինք «Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի» շրջանակներում 2017թ. ապրիլի 23-24-ին Հունաստանի կողմից Աթենքում հյուրընկալված առաջին Ակադեմիական ֆորումի և 2019թ. մարտի 20-22-ին Բոլիվիայի Բազմազգ Պետության կողմից Լա Պաս քաղաքում հյուրընկալված երկրորդ Ակադեմիական ֆորումի ու «Հնագույն քաղաքակրթությունների ժողովուրդների հանդիպում» ժողովի եզրակացությունները:
Մենք ընդունում ենք, որ աշխարհը գտնվում է կարևոր զարգացման, փոխակերպման և ճշտգրտման փուլում, սակայն խաղաղությունն ու զարգացումը շարունակում են մնալ մեր ժամանակների ամենաարդիական թեման։ Միևնույն ժամանակ մենք բախվում ենք բազմաթիվ լրջագույն գլոբալ մարտահրավերների։ Տարբեր քաղաքակրթությունների միջև երկխոսության և փոխանակումների ամրապնդումը կենսական նշանակություն ունի մարդկային հասարակության հետագա առաջընթացի խթանման, համաշխարհային խաղաղության և կայուն զարգացման առաջմղման, համատեղ ջանքերով գլոբալ մարտահրավերների դիմագրավման համար:
Մենք վերահաստատեցինք, որ քաղաքակրթությունների բազմազանությունը մեր աշխարհի առանցքային հատկանիշներից է։ Տարբեր ազգեր, էթնիկ խմբեր և քաղաքակրթություններ պետք է հարգեն և միմյանց վերաբերվեն որպես հավասարը հավասարի, պահպանեն աշխարհում յուրաքանչյուր քաղաքակրթության գեղեցկությունն ու քաղաքակրթությունների բազմազանությունը, լինեն բաց և ընդգրկուն, հենվեն միմյանց ուժեղ կողմերի վրա, առաջ շարժվեն ժամանակին համընթաց և բացահայտեն զարգացման նոր հիմքեր: Մենք շեշտեցինք շարունակական հաղորդակցության և համագործակցության միջոցով քաղաքակրթությունների միջև երկխոսությունն ամրապնդելու, մշակույթների և ժողովուրդների միջև փոխըմբռնումը, փոխճանաչումը և հանդուրժողականությունը խթանելու անհրաժեշտությունը: Մենք վերահաստատեցինք միասին աշխատելու անհրաժեշտությունը` մեր ժողովուրդների պատմամշակութային ժառանգությունը խթանելու և պաշտպանելու համար: Հնագույն քաղաքակրթությունների մշակութային ժառանգության պահպանումը և այն ապագա սերունդներին փոխանցումը առանցքային նշանակություն ունի հանդուրժողականությունը, փոխըմբռնումը և հարգանքը խթանելու համար՝ հաշվի առնելով բարդ մարտահրավերները, որոնց աշխարհն առերեսվում է:
Մենք վերահաստատեցինք մեր հանձնառությունը նախ և առաջ ՄԱԿ-ի շրջանակներում հաստատել բազմակարծություն՝ հավատարիմ մնալով փոխադարձ հարգանքի, ազնվության, արդարության և փոխշահավետ համագործակցության հայեցակարգերին, հիմնվելով միջազգային հարաբերությունները կարգավորող միջազգային իրավունքի և հիմնարար նորմերի վրա:
Մենք մեր աջակցությունը հայտնեցինք Չինաստանին՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպումը Պեկինում անցկացնելու կապակցությամբ և հանձնառություն ստանձնեցինք շարունակել սերտ հաղորդակցությունը և համագործակցությունը: