Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

14 հոկտեմբերի, 2019

Հոկտեմբերի 14-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած քննարկումներին և այդ հանդիպումից հետո արձանագրված զարգացումներին: Կարևորվեց խաղաղության  համար բարենպաստ միջավայրի ձևավորումը և այս համատեքստում սահմանում վերջին լարվածության նվազեցումը։

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձան խաղաղ կարգավորման գործընթացում կողմերի դիրքորոշումներին, և այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց խաղաղ գործընթացում պարտավորությունների համաչափության ապահովման անհրաժեշտությունը: 

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին եռանախագահության ձևաչափում իրականացվելիք հետագա քայլերի շուրջ:

Տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ կունենան Արցախի և Ադրբեջանի իշխանությունների հետ:

 

Տպել էջը