ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիի հետ
02 դեկտեմբերի, 2019Դեկտեմբերի 2-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիին:
Ողջունելով նախարար Սաֆադիին Հայաստան կատարած առաջին այցելության առիթով՝ Զոհրաբ Մնացականյանը գոհունակությամբ նշեց. «Ողջունում եմ Ձեզ Հայաստանում և ուրախ եմ այս հնարավորության համար: Հորդանանի հետ հարաբերությունները մեզ համար կարևոր են թե՛ քաղաքական, թե՛ առևտրատնտեսական առումներով: Ձեր երկիրը գրկաբաց է եղել մեր հայրենակիցների նկատմամբ, և մեզ միավորում է կողք կողքի ապրելու պատմությունը, պետական մակարդակով միասին աշխատելու փորձառությունը: Մենք ունենք շատ խոստումնալից օրակարգ, և հավատացած եմ, որ առաջ կգնանք այն առավել ընդլայնելու ուղիով»:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը վստահություն հայտնեց, որ Հորդանանի ԱԳ նախարարի այս այցով նոր էջ կբացվի հայ-հորդանանյան բարեկամական հարաբերությունների պատմության մեջ: Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման և տարբեր մակարդականերով փոխշփումների և երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը:
Համագործակցության հեռանկարների համատեքստում ընդգծվեց առևտրատնտեսական, գիտակրթական, ստեղծագործ կրթության, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում գործնական քայլերի ձեռնարկումը, անմիջական դերակատարների ներգրավմամբ համար համապատասխան հարթակների ձևավորումը:
Երկուստեք բարձր գնահատվեց Հորդանանի հասարակական-քաղաքական կյանքում մեծ ակտիվությամբ աչքի ընկնող և երկու երկրների միջև կապող օղակ հանդիսացող հայ համայնքի դերակատարությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի: Մտքեր փոխանակվեցին Մերձավոր Արևելքում ընթացող քաղաքական գործընթացների շուրջ: Նախարար Մնացականյանն Այման Սաֆադիին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները՝ ընդգծելով խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները:
Հանդիպման ավարտին Հայաստանի և Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:
Նույն օրն առավոտյան Այման Սաֆադիի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին: