ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՀՀ-ում ՉԺՀ դեսպանի հետ
29 հունվարի, 2020Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հանդիպում ունեցավ ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիեն Ըրլունի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը:
Դեսպան Թիենն ընդգծեց չինական կողմի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը հայկական կողմի հետ կորոնովիրուսի տարածմամբ պայմանավորված տարաբնույթ խնդիրների լուծման ուղղությամբ: Հանդիպմանը զրուցակիցները հանգամանալից անդրադարձ կատարեցին նաև ՉԺՀ Հուբեի նահանգում գտնվող ՀՀ քաղաքացիների առջև ծառացող խնդիրներին և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հայտնեց, որ Չինաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է ՉԺՀ տարբեր նահանգներում ներկայումս բնակվող և դեսպանատանը գրանցված շուրջ 400 ՀՀ քաղաքացիների հետ, որոնցից 7-ը ներկայումս գտնվում են Հուբեի նահանգում: ՀՀ դեսպանության կողմից նաև քայլեր են ձեռնարկվում հնարավորության սահմաններում ՀՀ քաղաքացիների հարցերին և խնդիրներին արձագանքելու ուղղությամբ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նաև հավելեց, որ ՀՀ ԱԳՆ-ն և ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը շարունակաբար կապ են պահպանում ՉԺՀ կառավարության և այլ գործընկեր երկրների, դրանց դեսպանությունների հետ ՀՀ քաղաքացիների տարհանման հարցի կապակցությամբ: