ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին
03 փետրվարի, 2020Փետրվարի 3-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Նախարար Մնացականյանը շնորհավորեց Աբբաս Բադախշան Զոհուրիին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-իրանական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և խորացմանը:
Կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստանի և Իրանի միջև առկա երկկողմ օրակարգն առավել խորացնելու և հարստացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի: Փոխադարձաբար կարևորվեց տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանմանն ուղղված համատեղ ջանքերի գործադրումը:
Երկուստեք բարձր գնահատվեց հայ համայնքի կարևորությունը Իրանի հասարակական-քաղաքական կյանքում և կամրջող դերակատարությունը երկու երկրների հարաբերություններում: