ԱԳ նախարարի հանդիպումը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի և Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ երկրների դեսպանների հետ
07 փետրվարի, 2020Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ավանդական հանդիպում ունեցավ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի և Եվրոպական միության անդամ երկրների Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին գլոբալ և տարածաշրջանային զարգացումների համատեքստում արդի մարտահրավերների և դրանց հասցեագրմանն ուղղված հարցերի շուրջ:
Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում անդրադարձ կատարվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին:
ՀՀ կառավարության զարգացման օրակարգին ԵՄ աջակցության շարունակականության համատեքստում ԱԳ նախարարը ԵՄ գործընկերներին ներկայացրեց երկրում իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների գործընթացն՝ ուղղված ժողովրդավարության, իրավունքի գերակայության ամրապնդմանը, անկախ դատաիրավական համակարգի հաստատմանը, կոռուպցիայի դեմ պայքարին:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները: