Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ

18 փետրվարի, 2020

Փետրվարի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:

Զրուցակիցներն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին և այս շրջանակում տեղի ունեցած վերջին հանդիպումներին։ Երկուստեք կարևորվեց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին իրական բովանդակություն հաղորդելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ կարևորեց ղեկավարների մակարդակով իրենց հասարակություններին խաղաղության հրապարակային ազդակների և ուղերձների հղումը և նշեց, որ ադրբեջանական կողմը հրապարակային դաշտում շարունակում է հանդես գալ Արցախի ժողովրդի իրավունքները մերժող առավելապաշտական դիրքորոշումներով, որոնք հնարավորություն չեն տալիս առաջընթաց արձանագրելու խաղաղ գործընթացում:

Կողմերը մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ գործընկերության բազմաշերտ օրակարգի շուրջ, անդրադարձան միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների։

 

Տպել էջը