ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ
25 փետրվարի, 2020Փետրվարի 25-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի հետ:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ գործընկերության բազմաշերտ օրակարգի շուրջ, ընդգծվեց Արևելյան գործընկերության կարևորությունը՝ որպես ԵՄ հետ ընդհանուր արժեքների և ամրագրված նպատակների կյանքի կոչմանն ուղղված կարևոր հարթակ: Զրուցակիցները շեշտեցին Հայաստան - Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվեց ՀՀ-ԵՄ երկկողմ և բազմակողմ միջոցառումների առաջիկա ժամանակացույցը:
ԵՄ բարձր ներկայացուցչի խնդրանքով նախարար Մնացականյանը ներկայացրեց ԼՂ հիմնահարցում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները, ինչպես նաև անդրադարձավ խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում վերջին հանդիպումներին: