Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ
29 ապրիլի, 2020Ապրիլի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:
Զրուցակիցները քննարկեցին նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մարտահրավերները և դրանց հասցեագրմանն ուղղված քայլերը:
Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային վերջին զարգացումներին: Արցախում անցկացված նախագահական և խորհրդարանական ընտրությունների համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց Արցախում ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրությունների կարևորությունը մարդու իրավունքների իրացման, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման և խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետ զարգացման տեսակետից:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ ապրիլի 21-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև տեղի ունեցած տեսակոնֆերանսին, որի արդյունքում ընդունվեց համատեղ հնգակողմ հայտարարություն։ Այս առնչությամբ երկուստեք առանձնահատուկ ընդգծվեց նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող գլոբալ պայքարի պայմաններում հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: