Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին արված ԵԱՀԿ պատվիրակությունների համատեղ հայտարարություն
07 մայիսի, 2020Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի առցանց նիստին Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Սերբիայի հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչները հանդես են եկել Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված համատեղ հայտարարությամբ.
«Այս տարի մենք տոնում ենք մի նշանակալի հոբելյան` Երկրոդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը: ԵԱՀԿ օրակարգում այս թեմայի արդիականության մասին է վկայում 2019թ. դեկտեմբերի 6-ին Բրատիսլավայոaւմ կայացած ԱԳ նախարարների խորհրդի ընթացքում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Սերբիայի, Տաջիկստանի, Թուրքմենտանի, Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարությունների կողմից ընդունված համատեղ հայտարարությունը»:
Երկրորդ համաշխարհային պատերազմն աշխարհով մեկ միլիոնավոր կյանքեր խլած սարսափելի ողբերգություն էր, որը վերածվեց մարդկության պատմության մեծագույն հումանիտար աղետի:
Մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց հիշատակին, ովքեր ընկան գերմանական նացիզմի, իր դաշնակիցների և հանցակիցների, ծանրագույն հանցագործություններ իրականացնողների դեմ պայքարում՝ հակահիտլերյան կոալիցիայի անդամ պետությունների մասնակիցներին, պարտիզաններին և դիմադրության խմբերի անդամներին, Հոլոքոստի, Արևելյան Եվրոպայի և ԽՍՀՄ-ի բնակչության ոչնչացմանն ուղղված նացիստական «Օստ» ծրագրի զոհերին:
Նացիզմի դեմ հաղթանակը մեր ազգերի` ազատության և անկախության պաշտպանության համար դրսևորվող ինքնազոհության և հերոսության, արդարության, մարդասիրության և բարու հաղթանակի խորհրադնիշն է։ Պատերազմից հաջորդող տարիներին զուգահեռ առավել ակնհայտ է դառնում Մեծ Հաղթանակի նշանակությունը միջազգային իրավունքի սկզբունքների ձևավորման, անվտանգության լուրջ մարտահրավերների ու սպառնալիքների, նացիստական գաղափարախոսության, ծայրահեղականության և այլատյացության դրսևորումների չթույլատրման հարցում:
Առանձնակի կարևոր ենք համարում Երկրորդ աշխարհամարտի վերաբերյալ պատմական ճշմարտության պահպանումը և դրա իրավական արդյունքների վերանայման անթույլատրելիությունը՝ այդ թվում հաշվի առնելով ՄԱԿ կանոնադրությունը և Նյուրնբերգի Միջազգային ռազմական դատարանի որոշումները։ Մենք արժևորում ենք 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» ՄԱԿ կոնվենցիան՝ որպես միջազգային կարևոր գործիք։
Միևնույն ժամանակ վերոնշյալ ճշմարտությունն աստիճանաբար մոռացվում է և հաճախ աղավաղվում՝ հարմարեցվելով քաղաքական իրավիճակին։ Ոչնչացվում են ազատամարտիկների հուշարձաններ, սերմանվում են նեոնացիստական և ծայրահեղական աջակենտրոն հայացքներ։
Հիշեցնենք, որ ռազմադաշտում և աշխատանքային ճակատում Հաղթանակ կերտած հերոսների հիշատակին հարգանքի տուրք մատուցելը ընդհանուր ներդրումն է մեր ժողովուրդների հերոսության և խաղաղության ու առաջընթացի համար վճարած գնի մասին պատմական հիշողության պահպանման գործում։
Կոչ ենք անում համաշխարհային հանրությանը վճռականորեն ընդդիմանալ նացիզմի գաղափարախոսության վերականգնմանը, ռասիզմի, ծայրահեղականության, էթնիկական, ռասայական և կրոնական հողի վրա ատելության, այլատյացության և անհանդուրժողականության ցանկացած դրսևորման քարոզին:
Այդ սարսափելի պատերազմի դասերը պետք է մնան որպես բարոյական ուղեցույց և շարժիչ ուժ ամբողջ առաջադեմ մարդկության համար: Դա նաև նախազգուշացում է նոր համաշխարհային պատերազմի անթույլատրելիության մասին, որը կարող է մարդկության համար վերջինը դառնալ:
Ընդգծում ենք այս թեմայի միավորող ներուժը և ԵԱՀԿ օրակարգում դրա հետագա ամրապնդման անհրաժեշտությունը: Հանդես ենք գալիս միջազգային լայն երկխոսության օգտին` հիմնված իրավահավասարության և փոխադարձ հարգանքի վրա` հանուն միջազգային անվտանգության և վստահության համակարգի ամրապնդման: