ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց ԵՄ Արևելյան գործընկերության նախարարական տեսաժողովին

11 հունիսի, 2020

Հունիսի 11-ին տեղի ունեցավ ԵՄ Արևելյան գործընկերության նախարարական տեսաժողովը, որին մասնակցեցին Արևելյան Գործընկերության երկրների, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները: Տեսաժողովին բացման խոսքով հանդես եկան արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին:

Ելույթով հանդես եկավ նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով իր խոսքում  ողջունեց տեսաժողովի անցկացումը՝ նշելով, որ այն լավ հնարավորություն է գալիք շաբաթ կայանալիք երկրների ղեկավարների տեսաժողովին ընդառաջ մտքերի և տեսակետների փոխանակման համար:

«Եվրոպայի արևելյան հատվածը հանդիսացող Արևելյան գործընկերությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա, որոնք հանդիսանում են Արևելյան գործընկերության ուժը և, հետևաբար, պետք է վեր դասվեն աշխարհաքաղաքական նկատառումներից՝ մնալով 2020-ից անդին օրակարգի զարգացման միավորող ուժն ու անկյունաքարը: Ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքները, անկախ արդարադատությունը, մամուլի, հավաքների ազատությունը եվրոպական արժեքները կրող ընդհանուր տարածքի կարևորագույն հիմնասյուներից են: 2018թ. Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը և մեր Կառավարության՝ հեղափոխության արժեքների նկատմամբ հանձնառության հետևողականությունն արտահայտում են մեր հավատարմությունը եվրոպական արժեքները կրող այս ընդհանուր տարածքին, որը, հավատացած ենք, որ չի քայքայվի»,- նշել է ԱԳ նախարարը: 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը  Հայաստանի ժողովրդի և Կառավարության անունից երախտագիտություն հայտնեց Եվրամիությանը՝ ԱլԳ երկրներին աջակցության փաթեթի տրամադրման համար: Այս համատեքստում ԱԳ նախարարը նշեց. «Այս համավարակը ևս մեկ անգամ ի ցույց դրեց միջազգային համագործակցության և բազմակողմանիության կարևորությունը վերազգային սպառնալիքներն արդյունավետ հասցեագրելու առումով: Համատեղ ուժեր են հարկավոր հաղթահարելու այս ճգնաժամը»: 

Անդրադառնալով տարածաշրջանային կայունության և խաղաղության հարցերին՝ նախարար Մնացականյանը գործընկերների ուշադրությունը հրավիրեց համավարակի ժամանակ լայնածավալ զորավարժությունների անցկացման և Հայաստանին ուղղված անթաքույց պատերազմական սպառնալիքների վրա՝ ընդգծելով, որ այդ գործողություններն ունեն սադրիչ բնույթ և չեն նպաստում լարվածության նվազեցմանը:

 

Տպել էջը