ՀՀ մշտական ներկայացուցչի ելույթը Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակման վերաբերյալ
17 հուլիսի, 2020Հուլիսի 17-ին, ելույթ ունենալով Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդում, Հայաստանի Մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը ՄԱԿ անդամ երկրների ուշադրությունը հրավիրեց Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վրա։ Նա մասնավորապես շեշտեց, որ «ս.թ. հուլիսի 12-ից Ադրբեջանի կողմից հրետանակոծության են ենթարկվում Հայաստանի տարածքում տեղակայված քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությունը՝ ականանետերի, ծանր հրետանու և անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ։ Այս հարձակումները սկսվել են Ադրբեջանի ղեկավարության կողմից Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներ պարունակող հայտարարություններից անմիջապես հետո։ Ավելին, Ադրբեջանը հրապարակավ հայտարարել է, որ հակամարտությունը խաղաղ կարգավորելու ուղղությամբ ընթացող քաղաքական գործընթացն անիմաստ է և սպառնացել է հարցը լուծել ուժի կիրառմամբ: Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակը նույնիսկ սպառնացել է հրթիռային հարված հասցնել Հայկական ատոմակայանին։ Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հակահայկական ատելությանն ու այլատյացությանն անդրադարձել են մի շարք միջազգային կազմակերպություններ, ներառյալ ՄԱԿ Ռասսայական խտրականության վերացման հարցերով կոմիտեն և Եվրոպայի Խորհրդի Ռասիզմի և խտրականության դեմ եվրոպական հանձնաժողովը։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, հարկ է շեշտել, որ այն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, և Բաքվի ինքնիշխանությունը երբևէ չի տարածվել Արցախի վրա: Ուստի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ: Լեռնային Ղարաբաղն անցկացրեց հանրաքվե և անկախություն հռչակեց՝ միջազգային իրավունքի և Խորհրդային Միության այն ժամանակ գործող սահմանադրական-օրենսդրական համակարգի տառին և ոգուն համապատասխան:
Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՝ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքներից մեկը, ընկած է այս հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկության հիմքում: Այդ առաջարկություններին աջակցություն են հայտնել ԵԱՀԿ մասնակից բոլոր երկրները, ներառյալ հենց ինքը՝ Ադրբեջանը: Ավելին, միջնորդները բազմիցս նշել են, որ Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակը պետք է որոշվի իր բնակչության կողմից՝ իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտահայտման միջոցով»: