Նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջանակներում ներդրված սահմանափակումների վերաբերյալ
13 օգոստոսի, 2020Նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում ՀՀ կառավարության օգոստոսի 12-ի արտահերթ նիստում ընդունվեց որոշում «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 30 օրով (մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 17:00 ներառյալ): Միաժամանակ, վերոնշյալ փոփոխություններով մեղմացվել են մի շարք սահմանափակումներ: Մասնավորապես՝
✅ վերացվել է օդային ճանապարհով օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը,
✅ ցամաքային սահմանով օտարերկրացիների մուտքի արգելքը շարունակում է գործել, բացառությամբ.
1) անցակետով մուտք գործող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքի անդամների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց,
2) դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամների,
3) այն առանձնահատուկ դեպքերի, երբ պարետի որոշմամբ, հաշվի առնելով այդ երկրներում (տարածքներում) համաճարակային իրավիճակը, թույլատրվում է անձանց մուտք գործելը:
✅Օտարերկրյա քաղաքացիների համար վերացվել է ՀՀ սահմանային անցման կետերում մուտքի վիզա ստանալու հնարավորությունը: Այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր նախկինում հնարավորություն ունեին ՀՀ մուտքի արտոնագիրը ստանալ ՀՀ սահմանային անցակետերում, այսուհետ կարող են ստանալ միայն արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում (դեսպանություն, հյուպատոսություն, հյուպատոսական կետ) կամ e-visa էլեկտրոնային համակարգով:
✅ Փոփոխություններ են կատարվել նաև արտերկրից ժամանող անձանց ինքնամեկուսացման ընթացակարգերում: Այսուհետ անցակետով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո անձինք ենթարկվում են անհապաղ հատուկ զննության՝ վարակի առկայության կամ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով։ Համապատասխան զննություն անցնելուց հետո բոլոր անձինք, եթե ախտանիշների առկայությամբ պայմանավորված վերջիններիս նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներ, ենթակա են ինքնամեկուսացման 14-օրյա ժամկետով, իսկ ինքնամեկուսացման ընթացքում ՊՇՌ հետազոտություն անցնելու և թեստի բացասական պատասխանի դեպքում կարող են դուրս գալ ինքնամեկուսացումից։ Տվյալ անձանց թեստավորման համար նմուշառումը կարող է իրականացվել բացառապես իրենց գտնվելու (ինքնամեկուսացման) վայրում՝ լաբորատորիայի աշխատակիցների այցելության միջոցով: