Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

01 հոկտեմբերի, 2020

Հոկտեմբերի 1-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ։  

Զոհրաբ Մնացականյանը Ժան Իվ Լը Դրիանին տեղեկացրեց Արցախում իրավիճակը լուսաբանող լրագրողների նպատակաուղղված թիրախավորման միջադեպերի, մասնավորապես իր գործընկերոջն իրազեկեց Ադրբեջանի թիրախում հայտնված ֆրանսիացի լրագրողների վիճակի մասին։ 

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներն անդրադարձան Ադրբեջանի լայնածավալ զինված հարձակման արդյունքում ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությանը: Այդ համատեքստում նախարար Մնացականյանն իր խորը մտահոգությունը հայտնեց արտատարածաշրջանային ուժերի ապակայունացնող գործունեության առնչությամբ` առանձնակի մտահոգություն հայտնելով Թուրքիայի կողմից Ադրբեջանին բացահայտ կերպով ցուցաբերվող անվերապահ և միակողմանի ռազմական աջակցության առնչությամբ։ Նախարարներ Մնացականյանը և Լը Դրիանը ընդգծեցին հակամարտությունում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների անմիջական ներգրավվածության անթույլատրելիությունը։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից արված հայտարարությանը, որը պարունակում է ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ: ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց համանախագահների և համանախագահող երկրների դերակատարումը տարածաշրջանային անվտանգությանն ուղղված սպառնալիքների չեզոքացման գործում:

 

Տպել էջը