Դեսպան Տոլմաջյանն իր հավատարմագրերն է հանձնել Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդին

21 հոկտեմբերի, 2020

Հոկտեմբերի 20-ին ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանն իր հավատարմագրերը հանձնեց Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդին։

Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Ալբեր Երկրորդը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանի գործունեությունը կնպաստի Հայաստանի և Մոնակոյի միջև բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։

Դեսպան Տոլմաջյանը նշեց, որ նոր պարտականությունները ստանձնում է երկկողմ միջպետական երկխոսությունն առավել խորացնելու ու հետագա ընդլայնման ուղղությամբ բոլոր ջանքերը ներդնելու պատրաստակամությամբ։

Հանդիպման ընթացքում դեսպան Տոլմաջյանն Իշխանին հանգամանալից ներկայացրեց Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ և ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և ագրեսիայի հումանիտար հետևանքները։

Իշխանը նշեց, որ մեծ մտահոգությամբ է հետևում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ հույս հայտնելով, որ խաղաղությունը շուտափույթ կերպով կվերականգնվի:

Ալբեր Երկրորդը ջերմությամբ հիշեց 2018թ. Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստան կատարած իր այցը և իր ջերմ ողջույնները խնդրեց փոխանցել բարեկամ Հայաստանի իշխանություններին և ժողովրդին:

Տպել էջը