Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ
27 նոյեմբերի, 2020Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկած մարդասիրական օժանդակության չվերթը ուղեկցող պատվիրակության ղեկավար, Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ։
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ ՀՀ ԱԳ նախարար Այվազյանը շնորհակալություն հայտնեց այս դժվարին ժամանակաշրջանում Հայաստան այցելության և արցախահայությանը ցուցաբերած համերաշխության համար:
Հանդիպմանը Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆրանսիայի պետքարտուղարը շեշտեցին Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հասցեագրման, տեղահանված արցախահայության՝ հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովելու և նրանց իրավունքների պաշտպանելու ուղղությամբ քայլերի հրատապությունը։ Այդ համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը երախտագիտություն հայտնեց Ֆրանսիայի կառավարությանը և ժողովրդին այս ճակատագրական պահին արցախահայության կողքին լինելու համար։
Նախարար Այվազյանը մատնանշեց Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները Հարավային Կովկասում՝ դրանք գնահատելով որպես տարածաշրջային անվտանգության և կայունության խաթարման հիմնական գործոն: Այս համատեքստում երկուստեք նշվեց Թուրքիայի կողմից տարածաշրջան տեղափոխված օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին դուրս բերելու կարևորությունը միջազգային և տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից:
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արցախահայության իրավունքների և շահերի հասցեագրման շուրջ: Այս համատեքստում նախարար Այվազյանը կարևորեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը՝ որպես անհրաժեշտ պայման իր պատմական հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապագա կառուցելու համար: