ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիին

17 դեկտեմբերի, 2020

ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի երրորդ նիստին ընդառաջ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 17-ին հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիին։ 

Երկուստեք անդրադարձ կատարվեց ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի: Նախարար Այվազյանը նշեց, որ Եվրամիության և իր անդամ երկրների հետ փոխգործակցության հետագա խորացումը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: 

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացիկ փուլի, Արևելյան գործընկերության հետ-2020 տեսլականի շուրջ: 

ԱԳ նախարարը և հանձնակատար Վարհեին քննարկեցին տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: Այս համատեքստում նախարար Այվազյանը հանձնակատարի ուշադրությանը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքների վերացման և Արցախում ստեղծված ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: 

Այս համատեքստում նախարար Այվազյանն առանձնահատուկ կարևորեց Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հասցեագրման և արցախահայության հրատապ կարիքների լուծման ուղղությամբ տեղում միջազգային հանրության ներգրավվածությունը: 



Տպել էջը