Տեսազրույց Հայաստանի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարների միջև
22 դեկտեմբերի, 2020Դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսազրույց ունեցավ Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդի հետ։ Շվեդիայի ԱԳ նախարարը շնորհավորեց նախարար Այվազյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր պատասխանատու առաքելության մեջ:
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները գոհունակություն հայտնեցին քաղաքական երկխոսության բարձր դինամիկայի առնչությամբ՝ ընդգծելով փոխադարձ պատրաստակամությունը խթանելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, այդ թվում` ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում: Որպես առաջնային ուղղություններ առանձնացվեցին ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ոլորտները:
ԱԳ նախարար Այվազյանը իր շվեդ գործընկերոջը շնորհավորեց 2021 թվականից ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:
Տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի համատեքստում նախարար Այվազյանն անդրադարձավ Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիային, որն ուղեկցվել էր մարդու իրավունքների ծանրագույն և զանգվածային խախտումներով և պատերազմական հանցագործություններով: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատման և խաղաղապահների տեղակայման մասին նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության և դրա կյանքի կոչման ընթացքի շուրջ:
Երկուստեք կարևորվեց ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս համատեքստում նախարար Այվազյանն ընդգծեց արցախահայության իրավունքների վերականգնման և պաշտպանության առաջնահերթությունը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի հաստատման միջոցով:
Նախարար Այվազյանը ներկայացրեց նաև Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը` ընդգծելով դրա հաղթահարման գործում միջազգային համապատասխան կառույցների ներգրավվածությունը։