ԱԳ նախարար Արա Այվազյանի hանդիպումը Արցախի Ազգային Ժողովի նախագահի հետ
05 հունվարի, 2021Հունվարի 5-ին աշխատանքային այցով Արցախում գտնվող ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ: Այնուհետև հանդիպումը շարունակվեց Արցախի ԱԳ նորանշանակ նախարար Դավիթ Բաբայանի, ԱՀ ԱԺ նախագահի տեղակալի, խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների ներկայությամբ:
ՀՀ ԱԳ նախարարը և Արցախի Հանրապետության ԱԺ ներկայացուցիչները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերի, թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով արցախահայության առաջ ծառացած խնդիրների և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։ Անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանը՝ մրջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Զրուցակիցները որպես հակամարտության քաղաքական կարգավորման առանցք նշեցին Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի ճանաչումը, Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքների դեօկուպացիան և արցախահայության իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունը։
ՀՀ ԱԳ նախարար Այվազյանը և Արցախի ԱԺ նախագահ Թովմասյանը կարևորեցին խորհրդարանական դիվանագիտության դերը` որպես կարևորագույն հարթակ` հայկական երկու պետությունների համագործակցության ընդլայնման և առավել արդյունավետ ընթացք հաղորդելու համար: Այս համատեքստում կողմերն առանձնահատուկ կարևորեցին անմիջական շփումների խրախուսումը և ավանդական ինտենսիվ փոխայցելությունների շարունակականությունը: