Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև
20 հունվարի, 2021Հունվարի 20-ին Մոսկվայում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալներ Ալեքսանդր Գրուշկոյի և Իգոր Մորգուլովի համանախագահությամբ:
Կողմերը մտքեր փոխանակեցին համաեվրոպական թեմատիկային առնչվող հարցերի շուրջ, մասնավորապես, անդրադառնալով Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ հարաբերությունների տարբեր ասպեկտներին, քննարկեցին Եվրասիական տարածաշրջանում անվտանգության ամրապնդման ուղղությամբ երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր, Շանհայի համագործակցության կազմակերպության հետ գործընկերային հարաբերությունների խորացումը, տնտեսական փոխկապակցվածության զարգացումը մայրցամաքում, առաջին հերթին՝ ԵԱՏՄ-ի և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համակցմանն ուղղված ջանքերի համատեքստում։ Քննարկվեց նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի լայն շրջանակ:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին նման հանդիպումների և քննարկումների պարբերական անցկացումը։