ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ
20 հունվարի, 2021Հունվարի 20-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթին և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:
Հանդիպման օրակարգում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմական իրադրությանը, տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանն առնչվող հարցեր: Ընդգծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը: ՀՀ ԱԳ նախարար Այվազյանը ընդգծեց կարգավորման հիմնարար սկզբունքների ամբողջական իրականացման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում շեշտելով Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը:
Նախարար Այվազյանը, ներկայացնելով հրադադարի հաստատման և Արցախ խաղաղապահների տեղակայման վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարության կյանքի կոչման ընթացքը, առանձնահատուկ ընդգծեց հումանիտար հարցերի լիարժեք և անխափան հասցեագրման առաջնահերթությունը, մասնավորապես՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի մասով:
ԱԳ նախարարը և դեսպանները մտքեր փոխանակեցին Արցախում ստեղծված հումանիտար իրադրության և արցախահայության կարիքների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ: Այս առնչությամբ առանձնահատուկ կարևորվեց միջազգային կառույցների, մասնավորապես՝ ՄԱԿ և դրա մասնագիտացված գործակալությունների՝ տեղում անխափան ներգրավվածությունը:
Նախարար Այվազյանը զրուցակիցների ուշադրությունը հրավիրեց նաև Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապության վրա՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության ոչնչացման կամ ինքնության խեղաթյուրման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: