ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի ելույթը ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսում
11 մարտի, 2021Հայաստանի պատվիրակությունը շարունակում է մասնակցել Կիոտոյում ընթացող ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսի աշխատանքներին: Մարտի 11-ին, կոնգրեսի շրջանակներում, ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը հանդես եկավ ելույթով՝ ահաբեկչությանը նվիրված օրակարգային կետի ներքո։
Արտակ Ապիտոնյանն իր խոսքում բարձր գնահատեց ՄԱԿ-ի և միջազգային այլ մարմինների գործիքակազմերի դերն ահաբեկչության կանխարգելման և վերացման գործում՝ միաժամանակ ընդգծելով, որ այդ գործիքակազմերի արդյունավետ իրականացումն ու ներդրումն ազգային օրենսդրություններում հնարավոր է պետությունների քաղաքական կամքի առկայության պարագայում։
Արտակ Ապիտոնյանն արձանագրեց, որ ահաբեկչության դեմ պայքարում բազմակողմ համագործակցությունը լուրջ խոչընդոտների է բախվում որոշ երկրների կողմից ահաբեկչության ուղիղ և համակարգված ֆինանսավորման ու լոգիստիկ աջակցության պայմաններում։
Նախարարի տեղակալն անդրադարձավ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում Թուրքիայի անմիջական աջակցությամբ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմանն ու միջազգային հանրության արձագանքին. «Արցախի դեմ սանձազերծված պատերազմն ի ցույց դրեց օտարերկրյա զինյալ ահաբեկիչների հավաքագրման դեմ պայքարում առկա միջազգային իրավական գործիքների բացերը, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է դրանց կյանքի կոչմանը»։ Արտակ Ապիտոնյանն ընդգծեց ահաբեկչության մեջ ներգրավված, ինչպես նաև զինված հակամարտություններում օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ հավաքագրող անձանց հայտնաբերման և պատասխանատվության ենթարկելու գործում միջազգային առավել համապարփակ համագործակցության անհրաժեշտությունը։