Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև
15 ապրիլի, 2021Ապրիլի 15-ին Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի և ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինի մասնակցությամբ:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությանը և ՀԱՊԿ ձևաչափում համագործակցությանը վերաբերող արդիական թեմաների լայն շրջանակ, անդրադարձ կատարվեց ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների որոշ ասպեկտների:
Կողմերն ընդգծեցին համակարգված մոտեցումների մշակման շարունակականության կարևորությունը՝ նշյալ բազմակողմ միավորումների կանոնադրական և պայմանագրային նպատակների արդյունավետ իրագործման համատեքստում:
Խորհրդակցությունների արդյունքները պատվիրակությունների ղեկավարները ներկայացրին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հաջորդիվ կայացած հանդիպմանը: